«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Հայաստանը պետք է վճռական «ոչ» ասի»

«Հայաստանը պետք է վճռական «ոչ» ասի»
28.10.2008 | 00:00

«ՑԱՆԿԱՑԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ «ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՒԼՆ» ԱՎԱՐՏՎԱԾ Է»
Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները և հետևանքները «Իրավունքը de facto» -ին տված հարցազրույցում մեկնաբանում է ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։
-Պարոն Մուրադյան, ինչո՞վ առանձնացավ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան, և այդ համատեքստում ի՞նչ սպասումներ կան հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով, Հարավային Կովկասում հետագա քաղաքական իրադրության կտրվածքով։
-Դմիտրի Մեդվեդևի` այս տարվա հոկտեմբերին կայացած այցի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Ինչպես նաև Ռուսաստանի և այլ պետությունների` տարածաշրջանային մտադրությունների հետ կապված։ Այժմ այլևս կասկած չկա, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները բացառապես պայմանավորում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր նոր փոխհարաբերությունների կառուցմամբ։ Գնալով ավելի ակնհայտ են դառնում Ռուսաստանի մտադրությունները ղարաբաղյան հարցի հետ կապված, ինչն իր մեջ ներառում է հետևյալը. հայկական զինված ուժերի լիարժեք դուրսբերում Ղարաբաղից, սկզբում հինգ ապա և բոլոր յոթ «շրջանների» Ադրբեջանին հանձնում, այսպես կոչված, ազերի փախստականների վերադարձ այդ տարածքներ, ռուսական խաղաղապահների մուտք հակամարտության գոտի և, ըստ էության, Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցի բացարձակ անտեսում։ Որովհետև դա հետաձգվելու է տասը և ավելի տարի։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի հերթական բաժանում նույն գործընկերների միջև։ Եվ 1920-ական, և նույնիսկ 40-ական թվականներին Ռուսաստանը փորձել է իր կողմը քաշել Թուրքիային, գայթակղվելով Անատոլիայում տիրող հակաիմպերիալիստական տրամադրություններով։ Բայց միշտ էլ Սևծովյան նեղուցներին հասնելու ավելի լավ պայմանների փոխարեն անփոփոխ կերպով քթին է ստացել։ Նույնը կլինի և հիմա։ Իհարկե, ոչ միանգամից, և այդ պատճառով էլ վերոնշյալ փորձարարության համար բավարար ժամանակ կա, որպեսզի Հայաստանը հերթական անգամ ոչնչացվի։ Հետաքրքիրն այն է, որ, ինչպես նախորդ ժամանակներում, հայերը ոգևորությամբ են սպասում ռուսների ձեռքով իրենց ճակատագրի լուծմանը։ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ Երևանում տասնյակ հազարավոր հայեր ռուսական դրոշներով ու պաստառներով, այսպես կոչված, Ռուսաստանի հրապարակում իրենց լոյալությունը հայտնեցին Ռուսաստանի ղեկավարին, որը մտադիր է խեղդել իրենց հայրենիքը՝ դարձնելով իրենց ծաղրանքի առարկա ամբողջ աշխարհի առաջ։
-Նախկինում արդեն նշել եք Ղարաբաղի ու Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ոչ բարենպաստ մտադրությունները։ Հասկանալի է նաև, որ այդ ամենը, այսպես թե այնպես, պայմանավորված է Վրաստանում վերջին իրադարձություններով և Սևծովյան ավազանում հաստատվելու ԱՄՆ-ի ձգտումներով։ Բայց որքանո՞վ են Ռուսաստանի նախագահի քաղաքական համոզմունքները նպաստում այդպիսի ծրագրերի իրագործմանը։
-Ռուսաստանի ղեկավարի քաղաքական համոզմունքներն այստեղ կապ չունեն։ Ռուսաստանը բավական երկար սպասում էր և միշտ էլ հաշվարկում, որ ղարաբաղյան ռեսուրսը կօգտագործի իր քաղաքականության մեջ։ Պետական կառույցներում առավել ինտեգրացված և առաջատար ռուսական քաղաքագետների գնահատմամբ, Ռուսաստանը Հայաստանի հետ համագործակցությունից ոչինչ չի ստացել, և հետագա հարաբերությունները միակողմանի ռեժիմով անիմաստ են։ Այդ մասին նրանք բացահայտ ասում են իրենց հայ գործընկերներին, որոնց ճանաչում են երկար տարիներ։ Համանման տեսակետն ունեն Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ԱՊՀ ինստիտուտի առաջատար փորձագետները, որոնք անմիջականորեն խորհրդատվություններ են մատուցում նախագահի աշխատակազմին։ Միաժամանակ կա հստակ տեղեկատվություն, որ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի առաջնորդն է նաև։ Կան բավական հիմնավոր կապեր այդպիսի պնդման համար։ Ռուսաստանում չափազանց շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են հանդիսանում ադրբեջանական լոբբիստներ և ապա միայն զբաղեցնում այս կամ այն պաշտոնը։ Ռուսական ղեկավարության մեջ այսօր չափազանց շատ են «գազավիկները» և «նավթագործները», և դա է նրանց քաղաքական համոզմունքը։ Ղարաբաղյան հարցի շրջանակներում գոյություն ունեցող Ռուսաստանի ռազմավարական և մարտավարական շահերից բացի, չափազանց կարևոր դեր են խաղում շատ լայն կոմերցիոն հետաքրքրությունները։ Թե ովքեր են ընդգրկված այդ հետաքրքրությունների ապահովման ոլորտում, հայտնի է շատ մասնակի։ Սակայն այսօր ամերիկյան և բրիտանական մի շարք լրագրողներ Մոսկվայում ակտիվորեն զբաղված են դրա պարզաբանմամբ, և երբևէ ամեն ինչ ջրի երես դուրս կգա։
-Սակայն ինչո՞վ է բացատրվում ռուսների վստահությունը, որ վերոնշյալ նախագիծը կհաջողվի իրագործել, և Հայաստանն ինքն իր համար մահավճիռ կստորագրի։
-Դա, երևի, ամենակարևոր հարցն է այս ողջ խաղում։ Եվ զարմանալի է այն, որ, ըստ էության, ողջ ռուսական քաղաքական և վերլուծական վերնախավը խորապես համոզված է, որ հայ ժողովուրդն ու նրա ղեկավարությունը դեռ պետք է շնորհակալ լինեն Ռուսաստանից՝ ղարաբաղյան հարցի այսպիսի լուծման համար։ Տարբեր մակարդակներում՝ սկսած վերլուծաբաններից և Պետդումայի կոմիտեներից, վերջացրած Ռուսաստանի ԱԳՆ բաժիններով, մեծ զարմանքով են լսում, որ այդպիսի որոշումներն իրագործելի չեն։ Հավանաբար, համապատասխան վերլուծական և ինֆորմացիոն-հետախուզական ծառայությունները Ռուսաստանում անհրաժեշտ աշխատանք են իրականացրել և հանգել այն տեսակետին, որ հայերը լիովին բարոյազրկված են և պատրաստ ընդունելու ցանկացած լուծում, որը նրանց համար «հանգիստ» կյանք կապահովի։ Դա, թերևս, գլխավոր փաստարկն է ղարաբաղյան հարցի շուրջ որոշումների կայացման ամբողջ օպերացիոն համակարգում։ Ռուսական ԱԳՆ-ն ընդամենը փորձում է իրագործել այդ քաղաքականությունը, որը մշակվել է նախագահի աշխատակազմում մի խումբ մարդկանց կողմից, ովքեր համոզված են այդ գնահատականների՝ իրողությանը համապատասխանելու մեջ։ Օրինակ, իբրև հիմնական փաստարկ շեշտվում է այն, թե նույնիսկ դաշնակցությունը լիովին համամիտ է ռուսական նախագծին։ Այսինքն՝ տարածքների հանձնմանը և խաղաղապահների ներգրավմանը՝ առանց ԼՂՀ կարգավիճակի ճշտման։ Ի դեպ, բանակցություններում ԼՂՀ-ն իբրև պետության անվանում չի օգտագործվում։ Այսինքն՝ խոսք է գնում ոչ միայն կարգավիճակի անորոշության, այլև ԼՂՀ-ի ոչնչացման մասին։ Եվ դա պատահական չէ, որովհետև ռուսների համար ԼՂՀ-ն իրենից ներկայացնում է նախկին ԽՍՀՄ տարածքի նոր քաղաքական կոնֆիգուրացիայի տարր։ ԼՂՀ-ն չափազանց հավակնոտ հասկացություն է ռուսական գիտակցության համար։
-Բայց որքանո՞վ են մանրամասն նախապատրաստված ռուսական մտադրությունները՝ «ղարաբաղյան նախագծի» հաջողության մեջ վստահ լինելու առումով։
-Ռուսական փորձագետների հետ շփումներում ուշադրություն է գրավում այն, որ, Թուրքիայի հետ նոր հարաբերությունների հաստատման խնդիրներից բացի, հիշյալ նախագծի նախապատրաստման մեջ իր դերակատարությունն ունի Մոսկվայում ադրբեջանական լոբբին։ Այն սերտ կապված է բազմաթիվ չինովնիկների և ամենից առաջ՝ Ռուսաստանի նախագահի հետ։ Հայտնի են դարձել Դմիտրի Մեդվեդևի և ադրբեջանական լոբբիստների փոխհարաբերությունների առանձնահատկությունները, որոնք այսպես թե այնպես, կապված են նավթագազային ծրագրերի հետ։ Ռուսաստանի նախագահի՝ Բաքու կատարած այցի ժամանակ թեպետ վերջնական որոշումներ չեն ընդունվել, բայց ուրվագծվել են մտադրությունները և որոշ փոխադարձ պարտավորություններ։ Ռուսական պետական կառույցների մեջ ինտեգրացված քաղաքագետները, որ երկար տարիներ կողմնակից են եղել ղարաբաղյան հակամարտության «սառեցմանը», գտնելով, որ դա բխում է Ռուսաստանի շահերից, այսօր այլ բան են առաջարկում։ Նրանց կարծիքով, Հայաստանը կարող է վճռականապես մերժել այդ նախագիծը, և Ռուսաստանը չի ունենա անհրաժեշտ քաղաքական ռեսուրսներ՝ դրա իրագործումը պնդելու համար։ Միաժամանակ խորհուրդ չի տրվում ինքնաբերաբար մղվել դեպի ԱՄՆ՝ այնտեղից աջակցություն ստանալու համար, այլ անհրաժեշտ է դիտարկվում Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի սկզբունքային դիրքորոշման որդեգրումը։
Իմ կարծիքով, սա ոչ թե իրավիճակից բխող խորհուրդ է, այլ գիտակցված և մշակված տեխնոլոգիա։ Հարկ է նշել, որ նկատվում է շոշափելի անվստահություն և շփոթվածություն ռուսական վերլուծաբանների և քաղաքական ծրագրավորողների շրջանում՝ «ղարաբաղյան նախագծի» մասով։ Նրանց զգալի մասը համարում է, որ այդ նախագիծն իրատեսական չէ։ Ռուսական վերլուծաբանների գնահատմամբ, ՌԴ նախագահի աշխատակազմը հատուկ ծառայություններից պահանջել է տեսակետ հայտնել այս նախագծի վերաբերյալ, ինչը հանգեցրել է ոչ համարժեք արդյունքների։ Ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարները, չցանկանալով բարդացնել իրենց դրությունը, բացասական տեսակետ չեն հայտնել։ Հատուկ ծառայությունների և, մասնավորապես, Ռուսաստանի արտաքին հետախուզության գնահատականներով` այդ նախագիծը «պարունակում է նոր հետաքրքիր առաջարկություններ և կարող է դառնալ հենման կետ Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության իրագործման համար»։ Միաժամանակ արտաքին հետախուզությունը երաշխավորել է ուշադրություն դարձնել առաջարկությունների համաձայնեցման փուլին, ինչպես նաև նրան, որ կոնսենսուս ձևավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն ինքնին դժվար է։ Ներկայումս Ռուսաստանի նախագահի աշխատակազմը չի փորձում այս նախագծի մշակմանը մասնակից դարձնել հետազոտական ինստիտուտների և կենտրոնների ներկայացուցիչներին, որովհետև ԼՂՀ այցելած ռուսական փորձագետները, այսպես թե այնպես, մնում են այն կարծիքին, որ «ղարաբաղյան նախագիծը», ըստ էության, քաղաքական արկածախնդրություն է, թեպետ այդ կարծիքը հրապարակավ չի հնչում։ Կատարված աշխատանքն ուսումնասիրելով՝ կարելի է ենթադրել, որ «ղարաբաղյան նախագիծը» զգալի չափով հանդիսանում է Մոսկվայում ադրբեջանական լոբբիի նախաձեռնությունը, որի հետ Դմիտրի Մեդվեդևը սերտ կապեր ունի։ Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը և նախագահի աշխատակազմում գործող նրա մարդիկ, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հիշյալ նախագծի հետ կապված, առանձնակի էնտուզիազմ և դրական սպասումներ չեն արտահայտել։ Չկա վստահություն, թե ինչպես են Ռուսաստանի ռազմավարական շահերն այստեղ համադրվելու մոսկովյան լոբբիստական խմբերի խնդիրների հետ։ Բայց փաստ է, որ այլ հանգամանքներ էլ են առկա «ղարաբաղյան նախագծի» ի հայտ գալու գործում։
-Մինչդեռ Հայաստանում Ռուսաստանի նախագահի այցի հետ էին կապում բազմաթիվ հույսեր և կոնկրետ ծրագրեր` տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման առումով։ Ներառյալ երկրորդ ԱԷԿ-ի կառուցումը։ Որքանո՞վ է սա տեղավորվում մոտալուտ ազգային աղետի մասին Ձեր պնդումների շրջանակում։
-Չմոռանանք, որ 1920-ականներին էլ Հայաստանը մասնատվեց, նրանից խլվեցին իր պատմական նահանգները։ Բայց դրանից հետո մնացած տարածքի վրա զարգացան տնտեսությունն ու սոցիալական համակարգը, որովհետև Հայաստանի ամբողջական ոչնչացումն անուղղելի վնաս կհասցներ ռուսական ռազմավարությանը։ Ռուսները միշտ էլ Ղարաբաղի պատկանելությունը Հայաստանին ավելորդ շքեղություն են համարել հայերի համար։ Այդ իսկ պատճառով ԼՂՀ-ի, նրա զինված ուժերի, նրա՝ քրիստոնեական քաղաքակրթությանը պատկանելու վերաբերյալ ցանկացած դրական հղում անցած քսան տարիների ընթացքում ռուսական, հատկապես քաղաքական և փորձագիտական շրջանակներում, առաջացրել է շփոթվածություն և դժգոհություն։ Ինչ վերաբերում է Երևանում Ռուսաստանի նախագահի հնչեցրած խոստումներին, ապա ավելի լավ կլիներ հարց տալ, թե ինչի՞ համար հատկապես հիմա ասպարեզ եկան այդպիսի հավակնոտ առաջարկություններ։ Հազիվ թե ռուսները Հայաստանում նոր ԱԷԿ կառուցեն։ Ինչի՞ համար պիտի դիմեն այդ քայլին «հաշվից դուրս գրված» երկրում։ ՈՒրանի վերամշակման վերաբերյալ պայմանավորվածություններ հնարավոր է, որ իրագործվեն, քանի որ այդ ուրանն իրենց է պետք։ Իսկ ատոմակայաններ ռուսները, ամենայն հավանականությամբ, կկառուցեն Թուրքիայում և Ադրբեջանում։
-Սակայն ԶԼՄ-ներով այդպես էլ չհաստատվեց այն թեզը, թե ղարաբաղյան հարցի այսպիսի լուծումը Ռուսաստանը պայմանավորում է Թուրքիայի հետ հարաբերություններով։ Այդ ենթադրությունը հաստատված տեղեկությո՞ւն է, թե՞ միայն վերլուծական աշխատանքի արդյունքում արված հետևություն։
-Այն, ինչ դեռևս չի հայտնվել հրապարակային քաղաքականության մեջ, նման նյութերում տեղեկատվությունը, վերլուծությունը կամ հետևությունը շատ հարաբերական են։ Տեղեկատվական առումով մի օրինակ կարող եմ բերել, և դա չի կարող ժխտել ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում ընդգրկված ոչ մի ռուսական դիվանագետ։ Թուրքերը բազմիցս առաջարկել են ռուսներին՝ կասեցնել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը, եթե վերջիններս համաձայնվեն, որ հինգ շրջաններ վերադարձվելու են Ադրբեջանին եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում։ Միաժամանակ հաստատված իրողություն է այն, որ Թուրքիան առանձնապես շահագրգիռ չէ ղարաբաղյան թեմայով։ Անկարայից այդպիսի առաջարկություններն ասպարեզ են գալիս միայն այն պատճառով, որ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանից հնարավորինս մեծ զիջումներ կորզել, որոնք հայ-թուրքական հարաբերությունները կդարձնեին ավելի էական և պարտավորեցնող։
-Ի՞նչ ազդեցություն ունեցավ ռուս-վրացական ռազմական հակամարտությունը ղարաբաղյան թեմայի արծարծման վրա։ Այդ իրավիճակն ի՞նչ ազդեցություն ունի Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության առումով։
-Չեչենական պատերազմի ավարտը, Հյուսիսային Կովկասում ահաբեկչության վտանգը նվազեցնելու գործում ունեցած հաջողությունները, ռուսական զորքերի տակտիկական ձեռքբերումները Վրաստանում կարևոր դեր խաղացին Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը ոգևորելու գործում։ Այն առումով, որ իրենք ի վիճակի են նոր դիրքեր ձեռք բերելու Հարավային Կովկասում։ Այս հանգամանքը, որ ունի ավելի շատ զգացմունքային, քան քաղաքական նշանակություն, այնուհանդերձ, կարևոր գործոն է Ղարաբաղի հարցում որոշումներ ընդունելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ հնարավոր է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում իրադարձությունների զարգացումը դառնա խնդրահարույց, և դա, անշուշտ, կնվազեցնի Ռուսաստանի վստահությունը Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականության առումով։ Մինչ այսօր էլ Մոսկվայում չեն հանգել այն գիտակցության, թե ինչ է իրականում տեղի ունեցել Վրաստանի հետ հակամարտության շրջանակում՝ ԱՄՆ-ի դերի ու դիրքորոշման տեսանկյունից։ Ռուսական փորձագետները պատրաստ չեն և չեն էլ ուզում նկատել իրադարձությունների այն զարգացումը, որ հենց ԱՄՆ-ի քաղաքականությունն էր ուղղված Ռուսաստանին Վրաստանի հետ լայնածավալ ռազմական հակամարտության մեջ ներքաշելուն։ Այն նպատակ է հետապնդում ամրապնդելու ԱՄՆ-ի փաստարկները Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում իր ռազմական ներկայության տեսանկյունից։ Մոսկվայում շատ են ցանկանում հրապարակային քննարկումներից դուրս թողնել այն ամենը, ինչը կարող է հարվածել հերոսական քարոզչությանը և կասկածի տակ դնել Կովկասում ոչ միայն ռազմական, այլև քաղաքական հաջողությունները։
-Ռուսաստանը դժգոհություններ ունի՞ Հայաստանից հարավօսական իրադարձությունների հետ կապված, և ինչպիսի՞ն է այդ դժգոհության բնույթը։
-Այդպիսի դժգոհություն կա, և այն ունի բացառապես քաղաքական նշանակություն։ Իրականում Ռուսաստանը հազիվ թե սպասում էր, որ Հայաստանը քիչ թե շատ էական ռազմաօպերատիվ աջակցություն կցուցաբերի։ Հիմա Ռուսաստանը շարունակ շեշտադրում է այդ հարցը՝ մասնավորապես Հայաստանի կողմից Վրաստանին, բայց ոչ Հարավային Օսիային հղված «ցավակցության» հետ կապված։ Դա օգտագործվում է իբրև Հայաստանին ճնշելու և որպես ոչ հուսալի գործընկերոջ «իր տեղը ցույց տալու» միջոց։ Ռուսաստանում որոշել են, որ «մեծ հաղթանակից» հետո իրենք մեծ իրավունքներ ունեն նման մանիպուլյացիաներ անելու։
-Ինչպե՞ս կվերաբերվեն Ռուսաստանի վերոնշյալ մտադրություններին Հարավային Կովկասում էական շահեր ունեցող այլ տերությունները։ Արևմուտքն ունի՞ լծակներ Ռուսաստանի այդ քաղաքականությունը սրբագրելու համար։
-Ամենից առաջ պետք է գիտակցել այս արկածախնդրության միջազգային կոնտեքստը։ Միջազգային լայն առումով ռուս-վրացական հակամարտությունը կապված չէր տարածաշրջանային լոկալ կոնֆլիկտների հետ, այլ պայմանավորված էր Սևծովյան ավազանում իր ռազմավարությունն ուժեղացնելու և ռազմաքաղաքական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի ցանկությամբ։ Այդպիսի մտադրություն Վաշինգտոնն ուներ դեռ 1990-ականների սկզբից, սակայն նույնիսկ այս տարվա ամռանն այդ ներկայության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում ընդունված չէր։ Ամենից առաջ այն պատճառով, որ առաջատար եվրոպական երկրները՝ Ֆրանսիան ու Գերմանիան, շահագրգռված չեն այդ ծրագրով և չեն ողջունում այն։
Առանց ՆԱՏՕ-ի և Եվրամիության համաձայնության ԱՄՆ-ը չէր կարող վստահորեն իրագործել այդ ծրագիրը, քանի որ Սևծովյան ավազանն անցնում է նաև Եվրամիության սահմաններով։ ԱՄՆ-ին անհրաժեշտ էին բավարար փաստարկներ, և Վրաստանի ու Ռուսաստանի գործողությունները լիովին համապատասխանում էին այդ խնդրի լուծմանը՝ Եվրամիության համաձայնությունը ստանալու տեսանկյունից։
Այդ պայմաններում Ռուսաստանն ու Թուրքիան հանդես են գալիս իբրև Սև ծովում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացման հակառակորդներ, սակայն առանձին-առանձին ի վիճակի չեն դրան ընդդիմանալու։ Մանավանդ Վրաստանում երեք ամերիկյան բազաներ ստեղծելու որոշումից հետո, որով Վրաստանը դառնում է ԱՄՆ-ի առաջատար դաշնակիցը Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում։ Այդ պատճառով էլ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստակամություն են արտահայտում միասին գործելու և նույնիսկ դաշինք ձևավորելու։ Այդ համատեքստում ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցում մտահոգ է առայժմ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանմամբ, որպեսզի թույլ չտա այդ հարցի լուծումը լոկալ-տարածաշրջանային մակարդակով՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում։ Դա սոսկալի հարված կլիներ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ գործնականում հանգեցնելով ռազմավարական պարտության տարածաշրջանում և ոչ միայն այնտեղ։ Նման զարգացումը, ամերիկացիների կարծիքով, կհանգեցներ տարածաշրջանից ԱՄՆ-ի զգալի դուրսմղման, ինչի արդյունքում Վրաստանը կվերածվեր երկրորդական նշանակության գործընկերոջ։
Իմ կարծիքով, ԱՄՆ-ը կաշխատի ռուսական նախագծի տապալման ուղղությամբ Ղարաբաղի հարցում և դա կանի դասական ձևով։ Սկզբում նրանք կփորձեն համոզել Թուրքիային՝ անտեսելու ռուսական առաջարկները։ Զուգահեռաբար ամերիկացիները կաշխատեն վարկաբեկել Ադրբեջանին՝ առաջարկելով նրան հարցի կարգավորման ավելի լավ տարբերակ։ Հարկ է նշել, որ Թուրքիան շատ մեծ հույսեր ունի այդ առումով, Ադրբեջանը` նույնպես։ Բայց Թուրքիան, հավանաբար, ունի նաև բավական լավ հաշվարկված գործողությունների ծրագիր։ Թուրքերը շատ կողմերով հուսով են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո կստեղծվի նոր իրավիճակ։ Այդպիսի հույսեր ունեն և ռուսները, բայց, այնուհանդերձ, փորձում են իրագործել որևէ, թեկուզ կարճաժամկետ, որոշում Թուրքիայի հետ համատեղ՝ ողջ Հարավային Կովկասի վերաբերյալ։ Առայժմ ռուսները հասկացել են, որ թուրքերը մի քիչ խաբել են իրենց և ժամանակ են ձգում, բայց, այնուհանդերձ, փորձում են առաջ մղել իրենց առաջարկները։ Թուրքիայում տարբեր քաղաքական շրջանակներ դեռևս հուսով են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում տեղի կունենա շրջադարձ, կմշակվեն և կիրագործվեն նոր հարաբերություններ այն պայմաններում, երբ Թուրքիան կվարի ինքնուրույն արտաքին քաղաքականություն ԱՄՆ-ի աջակցությամբ։ Սա քիչ հավանական է, որովհետև ամերիկացիները հազիվ թե այդքան մանրանան, քանի որ շատ լավ գիտեն, որ Թուրքիան զգուշանում է ԱՄՆ-ի հետ իրական հակադրության գիծն անցնելուց։ Թուրքիան, ինչպես նախկինում, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի աջակցության կարիքն ունի, հակառակ դեպքում` տնտեսական և սոցիալական պրոբլեմների հաղթահարման հնարավորություններ չի ունենա և կկանգնի փլուզման եզրին։
Մոսկվայում այս բոլոր «սյուժեները», իհարկե, ուշադրության տակ են պահում և հասկանում, որ Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցումն անհնարին է։ Ներկայումս Մոսկվան Անկարայի հետ հարաբերությունները ձևավորում է բազմաթիվ կարևոր տակտիկական շահերի հիմքի վրա։ Եթե ԱՄՆ-ում նախագահ ընտրվեր Ջոն Մակքեյնը, նրա քաղաքականությունը կդառնար լակմուսի թուղթ թուրք-ամերիկյան նոր հարաբերությունների կառուցման տեսանկյունից։ Բարաք Օբամայի ընտրվելու դեպքում նա չի առաջարկի հրատապ լուծումներ, և ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ էական փոփոխություններ չի կրի։ Այնուհանդերձ, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները ոչ մի տարբերակով նոր շնչառություն չեն ստանա։ Այդ պատճառով էլ Թուրքիան շարունակում է իր խաղը Ռուսաստանի հետ՝ ցուցադրելով, թե այլընտրանքային արտաքին քաղաքականության հնարավորություն ունի։ Սակայն հայկական ազգային աղետի համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունները դառնան ռազմավարական, բավարար է և 3-4 տարվա «ֆլիրտը»։ Մոտ հեռանկարում Ռուսաստան-ԱՄՆ-Թուրքիա «եռանկյունում» ուժերի հարաբերակցությունն այդքան միանշանակ չի լինելու, ինչպես կարող է թվալ, և երեքն էլ դա հասկանում են։ Նշանակում է, որ Թուրքիան շարունակելու է իր դիրքորոշումը հավասարակշռել։ Չի կարելի անտեսել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու էներգակիրների գների անկումը։ Այդ գործոնը, անկասկած, կազդի Ռուսաստանի արտաքին քաղաքական հավակնությունների վրա։ Ջոն Մակքեյնն ավելի լավ ցույց կտար իրենց տեղը բոլոր այդ «գազավիկներին» ու «նավթագործներին», բայց չի բացառվում, որ նույնը կանի և Բարաք Օբաման։ Նավթագործ-քաղաքագետների բախտը վերջին ժամանակներս առանձնապես չի բերում, բազան շատ թույլ է։ Կարևոր է նաև այն, որ ԱՄՆ-ը պատրաստ է համաձայնություն տալու իրանական գազի արտահանմանը Եվրոպա Թուրքիայի տարածքով և խողովակաշարերով։ Դա իրատեսական է, քանի որ ԱՄՆ-ի համար ավելի ընդունելի է իրանական գազի արտահանումը Եվրոպա, քան Չինաստան և նույնիսկ` Հնդկաստան։ Ի դեպ, եվրոպական վերլուծական կենտրոններում էլ համարում են, որ Թուրքիայի խաղը Ռուսաստանի հետ միայն փաստարկ է Անկարայի ձեռքին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հաջողված երկխոսություն վարելու համար։ Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը դեռևս պահպանում է արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները, թեկուզ և պոտենցիալ առումով։
-Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի անկումը թույլ չտալու և ազգային աղետից խուսափելու համար։
-Որպես պատասխան կարող է ծառայել ռուսական այն առաջատար քաղաքագետների կարծիքը, ովքեր միշտ կողմ են եղել ղարաբաղյան հիմնախնդրի «սառեցմանը»։ Նրանց գնահատմամբ, անտրամաբանական կլիներ Հայաստանի կողմից նյարդային ռեակցիայի դրսևորումը և ԱՄՆ-ի օգնությանը դիմելը։ Այս իրավիճակում, երբ փորձ է արվում կասկածի տակ դնել Ղարաբաղի պատկանելությունը հայ ժողովրդին, Հայաստանին բավարար է վճռական «ո՛չ» ասել։ Այդ դեպքում Ռուսաստանը չունի ոչ մի փաստարկ և հնարավորություն՝ իր ծրագիրն առաջ մղելու։ Այսինքն՝ նա ավելին չի պնդելու, քան այսօր։
Դեռ մինչև ռուսական շրջանակներում այս տրամադրությունների ճշտումն էլ ես հնարավոր էի համարում նման մոտեցումը։ Բայց ավելի կարևոր է, որ այդպես են կարծում ռուսական վերլուծաբանները։ Որովհետև Ռուսաստանում նաև հասկանում են, որ Վրաստանի նկատմամբ «մեծ հաղթանակը» շատ կողմերով ձևական է, և կցանկանային աշխարհին ցույց տալ «միջազգային իրավունքի» շրջանակներում տեղավորվող նոր որոշումների կայացման և իրագործման իրենց կարողությունը։ Իսկ ղարաբաղյան թեման՝ աշխարհաքաղաքական բաղադրիչով հանդերձ, շատ հարմար տեղավորվում է նաև այդ քարոզչական նպատակների շրջագծում։ Եվ չնայած Ռուսաստանի թվացյալ վստահությանը, նա իրականում ավելի քան զգուշանում է ամերիկացիներից, իսկ դրանից ավելի` զգուշանում է նրանց կողմից տարածաշրջանի երկրներին «հավաքագրելու» հնարավորությունից։ Ցանկացած դեպքում հայոց պատմության մեջ «ռուսական փուլն» ավարտված է։ Եթե անգամ ռուսական այս նախագիծը տապալվի, Ռուսաստանն այլևս չի ընկալվելու իբրև բարեկամ երկիր։ Շատ ափսոս։
-Իսկ եթե Հայաստանը վճռական «ոչ» չասի՞։
-Այդ դեպքում պետք է դադարեցնել Ղարաբաղի հայությանը մատաղացու ոչխարի տեղ օգտագործելու քաղաքականությունը և աշխատել աշխարհում գտնել այնքան փող, որը թույլ կտա նրանց վերաբնակվել Հայաստանի որոշ շրջաններում, իսկ ավելի լավ է՝ այլ երկրներում։ Որովհետև այսօր տպավորություն է ստեղծվում, թե հայերը վախենում են, հիմնավորապես են վախենում և այդ պատճառով էլ անպայման տանուլ կտան։ Անփառունակ և ամոթաբեր ձևով, առանց մի կրակոցի։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4178

Մեկնաբանություններ